Լուրերը, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հեռանում է, Բաքվի լրատվամիջոցներում հայտնվեցին դեռ ամռանը: Նա աշխատում էր 2009-ի փետրվարի 24-ից: Պատկառելի ժամկետ է, կադրային ռոտացիան միանգամայն բնական է ու հազվադեպ է կապվում քաղաքական պատճառների հետ: Միաժամանակ ռուսական ու ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի թեկնածու կարող է լինել ՌԴ ԱԳՆ կադրերի վարչության պետի տեղակալ Գեորգի Զուևը, որ փորձառու դիվանագետ է: Նորից` արտառոց ոչինչ: Ինտերֆաքսը` հղում անելով Պետդումայի աղբյուրներին` հաղորդեց, որ «ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածությանը»: Տարօրինակությունները սկսվեցին, երբ հայտնվեց ՌԴ նախագահի հրամանագիրը. «Ազատել Վլադիմիր Դմիտրիևիչ Դորոխինին Ադրբեջանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Դրանից հետո Բաքվի ԶԼՄ-ները գրեցին` ՌԴ ԱԳՆ-ն չի ստացել Զուևին նոր դեսպան նշանակելու Ադրբեջանի ագրեմանը (դիվանագիտական կանոններով` դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմի նախնական համաձայնությունն են ստանում): Axar.az-ում քաղաքագետ Իլգար Վելիզադեն գրեց. «Եթե համաձայնություն չի տրվել, ուրեմն եղել են պատճառներ»: Ի՞նչ պատճառներ: Haqqin.az պորտալը ճշտում է` Զուևին ագրեման չի տրվել «նրա վառ արտահայտված հայամետ դիրքորոշման պատճառով»: Դիվանագիտության մեջ դա հազվադեպ է, իսկ Ռուսաստանի ու Ադրբեջանի ժամանակակից պատմության մեջ բացառիկ երևույթ է: Նախադեպը եղավ Վրաստանում, երբ Թբիլիսին ագրեման չտվեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին, որ Երևանն առաջարկում էր դեսպանի թեկնածու: Վրաստանում բացատրեցին, որ Սերգեյ Մինասյանը ծնունդով Սամցխե Ջավախեթիից է (հայկական Ջավախքից)` Վրաստանի հայալեզու շրջանից, իբրև գիտնական հայտնի է իր գիտական ու քաղաքական ելույթներով, որ շոշափել ու վերլուծել են շրջանի սուր խնդիրները: Ի դեպ` ավելի վաղ ագրեման չստացավ և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վրացի քաղաքագետ Թեյմուրազ Թումանիշվիլու խոսքով` «չի կարելի բացառել, որ Թբիլիսին հաշվի է առել Բաքվի կարծիքը»` զգուշանալով վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական ազդեցությունից: Մինասյանն ու Բաբլոյանը հրապարակային գործիչներ են: Ցանկության դեպքում հնարավոր էր նրանց ցանկացած հայտարարությունը ՙգործ» դարձնել: Իսկ ի՞նչ ունի Բաքուն ռուս դիվանագետ Գեորգի Զուևի դեմ, որ ընդհանրապես հրապարակային հայտարարություններ չի անում: Բացի այդ` Ադրբեջանում հրաշալի գիտեն, որ դեսպանը, թեկուզ բարձրաստիճան, բայց պաշտոնյա է, որ ներկայացնում է իր երկիրը: Երկու պետությունների փոխհարաբերություններում հիմնական ուղղությունները դեսպանների մակարդակով չեն որոշվում: Նրանք միայն նպաստում են ընդունված որոշումների կատարմանը և խոչընդոտում փոխհարաբերություններում բացասական միտումների ի հայտ գալուն: Զուևի վերաբերյալ Սմոլենսկի հրապարակը հայտարարեց, ըստ Սպուտնիկ Ադրբեջանի, որ «ՌԴ ԱԳՆ-ում ոչ ոք այդ թեման չի քննարկել ոչ ադրբեջանական, ոչ ռուսական ԶԼՄ-ների հետ»:
Եթե այդպես է, խոսքը Մոսկվայի դեմ Բաքվի նախաձեռնած քաղաքական-դիվանագիտական սադրանքի մասին է: Ադրբեջանական АПА գործակալությունը, հղում անելով «ՌԴ դումայական աղբյուրներին»` հաղորդում է, որ առաջինը` ՌԴ ԱԳՆ կադրերի բաժնի պետի տեղակալի թեկնածությունը չի քննարկվել իբրև դեսպանի թեկնածուի: Երկրորդ` «Ադրբեջանում ՌԴ նոր դեսպան է նշանակվելու դիվանագետ, որ հիմա աշխատում է ՌԴ դեսպան ԱՊՀ երկրներից մեկում»: Այդ ընթացքում արդեն Ադրբեջանում նախկին դեսպան Դորոխինը, որ բավականին շրջահայաց մարդ է և Ադրբեջանում իր աշխատած տարիներին չի արել որևէ հայտարարություն, որ կարող էր սառեցնել երկկողմ հարաբերությունները, հրաժեշտի ուղերձով հանդես եկավ Բաքվում: Նա շնորհակալություն հայտնեց ադրբեջանցիներին մշտական բարեկամական հետաքրքրության համար ՌԴ դեսպանատան աշխատանքի նկատմամբ, նշելով, որ անցած տարիներին իրեն վիճակվել է վկա ու մասնակից լինել շատ կարևոր իրադարձությունների, որոնց արդյունքը ռուս-ադրբեջանական գործընկերության ընդլայնումն է` հիմնված միմյանց ինքնիշխանության նկատմամբ բացարձակ հարգանքի, չմիջամտելու և շահերի հավասարակշռության պահպանման սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ` նա ասաց` ինչ չէին ասում իր նախորդները. «Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են մասշտաբներով, մենթալիտետով, մշակույթով և հիմնականում քաղաքական շահերով»:
Այդպես է: Վերջին ժամանակներս Մոսկվայի ու Բաքվի քաղաքական երկխոսությունը շատ անհարթ է: Խոսքով Ադրբեջանը պատեհ-անպատեհ սիրում է հայտարարել երկու երկրների միջև իբր գոյություն ունեցող ՙռազմավարական համագործակցության» մասին: Գործով երկու երկրները իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումների տարբեր վեկտորներ ունեն: Բաքուն խրվել է տարածաշրջանային բարդ խաղի մեջ, որի իմաստը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունն Անդրկովկասում սահմանափակելն է` աղբարկղ ուղարկելով և պատմական բարեկամությունը, և համագործակցությունը` ընտրելով նոր գործընկերների: Բոլոր առումներով` դա դրեյֆ է դեպի արևելյան տիպի պետություն, Թուրքիայի հետ պատմության, մշակույթի, լեզվի ընդհանրությունների որոնում: Նրանք ունեն ընդհանուր աշխարհաքաղաքական հակառակորդ` Հայաստանը: Տրամաբանորեն Բաքվի ու Անկարայի հաջորդ քայլերը պետք է լինեն ղարաբաղյան հարցի ՙլուծման» գործողությունները, թեպետ նրանք ի զորու չեն լրացնել Անդրկովկասում ՙուժի վակուումը»: Ինչ-որ լուծման հասնել կարող է միայն Ռուսաստանը: Բայց Մոսկվան արդեն երբեք չի ՙխաղա» միայն ադրբեջանական հարթակում: Ադրբեջանում հասկանում են, որ իրավիճակը փոխվում է: Փոփոխություններ են լինում Մերձավոր Արևելքի ու Անդրկովկասի աշխարհաքաղաքական դասավորումներում: Գլխավորը Ռուսաստանի համար` իրավիճակը չսրելն է` որոշակի խիստ կանոններով խաղալու ձգտման մեջ: Մոսկվան պետք է ճշգրիտ գնահատի` ինչ է պատրաստ առաջարկել Ադրբեջանին ու ինչ է ցանկանում ստանալ փոխարենը: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը բեկանեց այցը Ադրբեջան: Հաղորդվել էր, որ նա պատրաստվում է ռուս խորհրդարանականների մեծ պատվիրակությամբ մեկնել Բաքու դեկտեմբերի 23-ին: Այցի շրջանակներում նախատեսվում էր Պետդումայի ու Միլի մեջլիսի հանձնաժողովների համատեղ նիստ, Վոլոդինի պաշտոնական հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցը չեղարկելու պատճառները չներկայացվեցին:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Աշխարհաքաղաքական դասավորումներում իրոք փոփոխություններ են լինում և շեշտակի` Էրդողանը հեռախոսում է Մերկելի հետ և նրանք քննարկում են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, սիրիական հակամարտության կարգավորումը: Մերկելը խոստանում է արագացնել Թուրքիայում սիրիացի փախստականների աջակցության համար ԵՄ-ի խոստացած միջոցների տրամադրմանն ուղղված քայլերը: ԵՄ-ն հայտարարում է, որ Թուրքիայի համար ոչվիզային ռեժիմի հարցը պիտի լուծվի: Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարություն է ընդունվում: ԱՄՆ-ում նորից խոսում են Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին: Մինչև տարեվերջ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու Թվիթերում գրում. «Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»: Եվ միայն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն է հայտարարում է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ու «Բանակցությունները պետք է լինեն բանական և սուբստանտիվ»: Այսինքն` Բաքվում ոչինչ չի ընկալվում ոչ մի փոփոխությունից: Դեսպանի ագրեմանը պատրվակ է` արտահայտելու ներքին դժկամությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ